Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Լուրեր

Լուրեր
10.06.2008 | 00:00

Կրքեր օլիգարխի սուպերմարկետի շուրջ

Վերջին շրջանում այն բոլոր իրադարձությունները, որոնք կապված են ԱԺ պատգամավոր, Հայաստանում մի մեծ խումբ մենաշնորհային բիզնեսների սեփականատեր Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ Սամո) անվան հետ, սովորաբար սկանդալային երանգներ են ունենում: Դրանցից հերթականը «պայթեց» վերջերս, Դավթաշեն համայնքում: Պարզվել է, որ օլիգարխ պատգամավորը որոշել է էլ ավելի ընդլայնել իրեն պատկանող «Երևան-Սիթի» սուպերմարկետների ցանցը և Դավթաշենում արդեն իսկ հերթական խանութի լայնածավալ շինարարություն սկսել: Սակայն շատ շուտով հայտնի է դարձել, որ նմանատիպ շինարարության համար պատգամավորը համապատասխան թույլտվություն չի ստացել պատկան մարմինների կողմից: Արդյունքում՝ սկսված շինարարությունն օրերս դադարեցվել է: Ըստ մեր աղբյուրների, պատգամավորն այժմ լրացուցիչ վարչական ռեսուրսներ է փորձում ներգրավել՝ հարցին իր համար բարենպաստ լուծում տալու համար:

Ս. Վ.

Ռոբին Հուդի հայաստանյան հարկային քաղաքականությունը

Երեկ «Հայելի» ակումբում տնտեսագետ Անդրանիկ Թևանյանը և ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը բանավիճում էին մաքսային- հարկային քաղաքականության շուրջ: Այս ոլորտում իշխանությունների նոր նախաձեռնությունները բացասական գնահատելով` Թևանյանը նշեց. «Ստացվում է` տնտեսությունն աշխատում է հանուն բյուջեի, այլ ոչ թե բյուջեն՝ հանուն տնտեսության: Եթե մենք ճնշումների, հարկային տեռորի ենք ենթարկում, խեղդում ենք գործարարին, ապա ապրանքների գինը մեխանիկորեն բարձրանում է: Մենք չպետք է ուրախանանք, որ խոշոր գործարարին, օլիգարխին խեղդում են և փողերը բերում բյուջե: Փաստացի հարկային բեռի ավելացում է տեղի ունենում: Չպետք է Ռոբին Հուդի կոնցեպցիայով հարկեր հավաքել և բաժանել ժողովրդին»,- ասաց նա` ընդգծելով, որ մեզանում տնտեսական քաղաքականությունն իրականացվում է «թաքնված նեոբոլշևիզմի», հարկապետական ձևով: Այս ամենից, տնտեսագետի պնդմամբ, տուժում են երեք կողմերն էլ` գործարարը, սոցիալապես անապահով խավը և չինովնիկները: Նման պարագայում Թևանյանը հռետորական հարց է հնչեցնում` ո՞ւմ վրա է հենված այս կառավարությունը, ո՞վ է այս կառավարության սոցիալական շերտը: «Իշխանությունները լեգիտիմության լրջագույն դեֆիցիտ ունեն: Որպեսզի լեգիտիմություն ձեռք բերեն, հարուստներին խեղդելով փորձում են բերել հարկային դաշտ: Կարծում են՝ կենցաղային, ստամոքսային հարցեր լուծելով լեգիտիմություն ձեռք կբերեն»,-հավելեց նա: Թևանյանը կարծում է, որ պետք է փոփոխվի հարկային օրենսդրությունը, մրցակցային դաշտ ապահովվի, հարկային բեռը թեթևացվի, իսկ հարկումը իրագործվի տարբեր շերտերին հավասար հնարավորություն ընձեռելու սահմաններում: Այս տեսակետի հետ համաձայն չէ Արծվիկ Մինասյանը, ով նախ հակադարձեց. «Հարկ հավաքելը նպատակ չէ, այլ միջոց», հետո էլ շարունակեց, որ այս օրենսդրությունը կիրառելով է հնարավոր արդյունավետ հարկային քաղաքականություն իրականացնել: «Նպատակն ու միջոցը հերթականությամբ կիրառելուն կողմ չեմ: Մրցակցային դաշտ ապահովելն առաջին անհրաժեշտություն է»,-եզրափակեց ԱԺ դաշնակցական պատգամավորը:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Նախարարն այցելեց քննասենյակներ

Հանրապետության 13 քննական կենտրոններում հունիսի 7-ին միասնական քննություն էր անցկացվում «Ռուսաց լեզու» առարկայից։ Քննությանը մասնակցելու համար նախապես հայտագրվել էր 1483 դիմորդ-շրջանավարտ։ Իսկ դպրոցներում, բացի ռուսերենի ավարտական քննությունից, 9-րդ դասարանցիներն առաջին անգամ թեստային տարբերակով քննություն էին հանձնում «Մաթեմատիկա» առարկայից։ Կրթության և գիտության նորանշանակ նախարար Սպարտակ Սեյրանյանը նախ այցելեց Երևանի պետական համալսարանում տեղակայված միասնական քննական կենտրոն, որտեղ քննություն էր հանձնում 239 դիմորդ-շրջանավարտ։ Քննական կենտրոնի մոտ նախարարը հանդիպեց և զրուցեց ծնողների հետ՝ վստահեցնելով, որ քննական այս և առաջիկա գործընթացներում կպահպանվեն վաղօրոք սահմանված կանոնները։

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 6622

Մեկնաբանություններ